Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
«Ձերբակալվածների պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը:»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:
Աղբուրը`Իրավաբան.net