ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակման մեջ պարունակվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, հանգեցրել է սխալ մեկնաբանությունների և հետևությունների:
Մասնավորապես՝
1. Ըստ հրապարակման. “Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, “ԱրմենՏել” ՓԲԸ-ին ունեցած 48 280 դրամ պարտքի պատճառով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք էր դրվել”:
Իրականում. “ԱրմենՏել” ՓԲԸ-ի կողմից 09.07.2012թ. ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին կատարման է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԳԴ1/0096/02/11 քաղաքացիական գործով 16.04.2012թ. տրված կատարողական թերթը, որի համաձայն՝ պետք է Նունե Կողպեցյանից հօգուտ “Արմենտել” ՓԲԸ բռնագանձել 104,578 դրամ:
Փաստորեն, կատարողական վարույթը հարուցվել է և արգելանք է դրվել ոչ թե “48,280 դրամ պարտքի պատճառով”, այլ 104,578 դրամի բռնագանձման նպատակով:
2. Ըստ հրապարակման. “Այս տարվա հուլիս ամսին քաղաքացին ողջ գումարը վճարել էր և ստացել վճարման անդորագիր”:
Իրականում. Սույն թվականի հուլիսի 17-ին պարտապան Նունե Կողպեցյանը ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում վճարել է 48,280 դրամ, որից 43,051 դրամն ուղղվել է “Արմենտել” ՓԲԸ պահանջի բավարարմանը, իսկ 5,229 դրամը գանձվել է որպես կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար:
Որպես պարտավորության գումարը մնացած մասով ուղղակիորեն “Արմենտել” ՓԲԸ-ին վճարելու վերաբերյալ ապացույց՝ Նունե Կողպեցյանը հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԴՄ կտրոններ: Սակայն, քանի որ այդ կտրոնները տեղեկություն չեն պարունակում այն մասին, թե ում կողմից և ինչ պարտավորության մարման նպատակով է կատարվել վճարումը, հարկադիր կատարողն իրավաչափորեն առաջարկել է ներկայացնել պահանջատիրոջ կողմից տրված՝ պարտքի մարումը հավաստող փաստաթուղթ: Պահանջատեր “Արմենտել” ՓԲԸ-ի կողմից նման փաստաթուղթ ներկայացվել է միայն սույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Փաստորեն, պարտապան Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու իրավական հիմք հանդիսացող ապացույց ծառայությունը ստացել է ոչ թե հուլիս ամսին, այլ սեպտեմբերին:
3. Ըստ հրապարակման. “Բայց մինչ օրս (այսինքն՝ 02.10.2012թ.-ԴԱՀԿ ծառայություն) Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը չի կայացվել”:
Իրականում. 10.09.2012թ. հարկադիր կատարողը որոշում է կայացրել պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, իսկ 20.09.2012թ. դրությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերում Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա տվյալ պարտավորության կատարման նպատակով դրված արգելանքները փաստացի վերացված են եղել:
Փաստորեն, հրապարակման օրվա դրությամբ, Նունե Կողմեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդեն իսկ վերացված են եղել:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն իր մտահոգությունն է արտահայտում ոչ ստույգ տեղեկությունների հիման վրա ծառայության գործունեության վերաբերյալ արված հապճեպ մեկնաբանությունների ու եզրահանգումների կապակցությամբ և կոչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ առավել հետևողական լինել հրապարակային գնահատականների հիմքում ընկած փաստերը ստուգելու հարցում: Հայտնում է ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքը:
Աղբյուրը` Իրավաբան.net