Այսօր` հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռիզորթ» հյուրանոցում կմեկնարկի Երեւանյան 17-րդ միջազգային խորհրդաժողովը։
Երկօրյա խորհրդաժողովի թեման լինելու է «Սահմանադրական դատարանների եւ այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում»:
Երկօրյա խորհրդաժողովի 5 նիստերում կներկայացվեն երկու տասնյակից ավելի զեկուցումներ, որոնց շուրջ հընթացս կկայանան քննարկումներ։ Տարբեր երկրների սահմանադրական դատարանների որոշումների կատարման ապահովման ու սահմանադրական արդարադատության իրականացման երաշխիքների շուրջ ծավալվող քննարկումները տարբեր երկրների մասնագետների համար փորձի փոխանակման լավագույն միջոց կդառնան։ Հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կաքէջը:
Ավելին, խորհրդաժողովում ներկայացված զեկուցումների ու քննարկումների նյութերը հետայդու էլ ուսումնասիրման հնարավորություն կտան՝ շնորհիվ «Ալմանախ» քառալեզու տարեգրքի, որն ամեն խորհրդաժողովից հետո տպագրում է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը եւ առաքում աշխարհի 60-ից ավել երկրներ։
Խորհրդաժողովը ներկայացուցչական կազմ ունի՝ մասնակցում եւ ելույթներ են ունենալու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի փոխնախագահը, Հայաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Տաջիկստանի սահմանադրական դատարանների, Սլովակիայի գերագույն դատարանի, Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահները, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, երկու տասնյակ երկրների Սահմանադրական դատարանների անդամներ։
Հայաստանի Հանրապետությունից խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի հյուրերի համար նախատեսված է մշակութային հետաքրքիր ծրագիր, մասնավորապես, այցելություն Հաղարծին եւ Գոշավանք։
Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀՀ սահմանադրական դատարանը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը։ Երկօրյա խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (OSCE) երեւանյան գրասենյակի, գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net