Այսօր ՀՀ-ում բազում են այն ընտանիքները, որոնցում ընտանիքի միակ կերակրող են հանդիսանում ծերության կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ հայրը կամ մայրը, միայնակ հաշմանդամ կամ ծերության կենսաթոշակառու ծնողը:
Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`
ա)անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:
ա)Անաշխատունակ ծնողներ են`
– ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,
– 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը,
– դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.
բ) առանց մոր մեծացող երեխա.
գ) երկու և ավելի երեխա.
դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:
Զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:
Տեղյակ լինելով այս իրականությանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները անձին հաշմանդամ ճանաչելիս կամ հաշմանդամության խումբ սահմանելիս, օգտվելով քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակից, մերժում են տրամադրում կամ սահմանում հաշմանդամության 3-րդ խումբ: Հետագայում անձին մնում է վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու կայացված որոշումը: Արդյունքում որդին զրկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքից:
Նման բողոքներից մեկի առումով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ՀՀ վարչական դատարանին ուղղված իր հայցադիմումի պատասխանում նշել է` մեջբերում եմ. «Միաժամանակ հայտվում է, որ հայցվորին հաշմանդամության 2-րդ խմբի սահմանման դեպքում նրա որդին ձեռք է բերում զինվորական ծառայության տարկետման իրավունք»:
Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածով ամրագրված է, որ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net