Դատարանում հաջողություններ հասնելու հնարավորություններն ավելի շատ են. Խաչատուր Գիչյանի փաստաբան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների,այդ թվում՝ Խաչատուր Գիչյանի վերաբերյալ նախաքննությունը:

Խաչատուր Գիչյանի իրավունքների պաշտպանը Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի նախաքննության փուլն ավարտվել է, սակայն այն դեռ դատարան չի ուղարկվել, պետք է դեռ դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատի: Ներկայումս գործի ծանոթացման փուլն է, կարող են միջնորդություններ իրականացնել, սակայն Գիչյանի պաշտպանը չի պատրաստվում որևէ միջնորդությամբ հանդես գալ:

«Մենք ուզում ենք, որ գործը շուտ գնա դատարան, գտնում ենք, որ դատարանում հաջողություններ հասնելու հնարավորություններն ավելի շատ են»,- փոխանցեց փաստաբանը՝ հավելելով, որ գործը ուսումնասիրելով ևս մեկ անգամ համոզվել է, թե մեղադրանքը ապացուցված չէ:

Խաչատուր Գիչյանին սկզբնական շրջանում մեղադրում էին երկու հոդվածով, մեկը վերաբերում էր քաղաքացիներին պատանդ վերցնելուն և պետական իշխանությանը ապօրինի պահանջ ներկայացնելուն, իսկ երկրորդը՝ շենքեր, շինություններ ապօրինի զավթելուն օժանդակելը: Այս երկու մեղադրանքներից առաջինը հանվել է. «Քաղաքացիներին պատանդ վերցնելուն և պետական իշխանությանը ապօրինի պահանջ ներկայացնելու մեղադրանքը հանվեց, ինչն արդեն հաջողություն է: Հիմա, մենք դատարանում ավելի մեծ հնարավորություն կունենանք՝ եթե ոչ արդարացման, ապա պայմանական պատժի հասնենք: Հաշվի առնելով այն, որ Գիչյանը 67 տարեկան է, նախկինում դատված չի եղել և այլն, ապա հավանականությունը այդ մասով մեծանում է»,- ընդգծեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՊՊԾ գունդ էին մտել բեռնատարով, որի սեփանականտերը Խաչտուր Գիշյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել