Կաշառք պահանջելու և ստանալու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործը մտավ դատարան: Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է նույն դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք, իսկ Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:
Գործին կցված են նաև հետևյալ իրեղեն ապացույցները՝ 1000 ԱՄՆ դոլարը, բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, Ի.Բարսեղյանի բաճկոնը, Ի.Բարսեղյանի մոտից հայտնաբերված և առգրավված 2 բջջային հեռախոսները, ինչպես նաև որպես այլ փաստաթղթեր` ապացույց ճանաչված 5 լազերային սկավառակները և Ի.Բարսեղյանի ծառայողական վկայականը: