Այսօր Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ է ստացվել, թե անձը ցանկանում է պայթեցնել շենքը: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 09:40-ին: Անձը հայտնել է, թե պատրաստվում է պայթեցնել Բանավան փողոցի շենքերից մեկը, որտեղ ռումբ է տեղադրել:
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, պարզվել է, որ ահազանգը կեղծ է, նշված շենքում ռումբ չի եղել: Ոստիկանությունից հավելեցին, որ ահազանգողը հայտնաբերվել է:
Նշենք, որ Քրեական օրենսգիրքը նման դեպքերի համար նախատեսում է պատիժ: Օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իրավաբան.net