Այսօր ՀՀ Կառավարությունը քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննեսյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը:
Նախագծով նախատեսվում է վերականգնել չվճարված կենսաթոշակների վճարման նախկին կարգը, այսինքն` երբ կենսաթոշակառուն կարող է դիմել և ստանալ նախորդ երեք տարիների չվճարված կենսաթոշակը:
Հիշեցնենք, որ ներկայումս կենսաթոշակառուն կարող է ստանալ միայն մեկ տարվա չվճարված կենսաթոշակը:
Կառավարության դիրքորոշման համաձայն` ներկայացված նախագիծը չի բխում սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականության սկզբունքներից, որի համաձայն պետական բյուջեի` սոցիալական ապահովությանն ուղղված միջոցները պետք է տրամադրվեն ըստ առաջնահերթությունների՝ ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net