Այսօր ՀՀ կառավարությունը ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները և դրա կիրառման կանոնները հաստատելու իր նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով երկրում գործող ճանապարհային երթևեկության, գծանշման և արհեստական անհարթությունների նորմերի սահմանման, ինչպես նաև դրանից բխող տեխնիկական կանոնակարգերի ընդունման անհրաժեշտությամբ։
.
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ավտոճանապարհներին տեղադրվող արագաչափ սարքերին, որոնց վերաբերյալ հարց էր հնչել նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում։ «Մենք պետք է մեր քաղաքացիներին վստահեցնենք, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, սերտիֆիկացված են և ճիշտ տեղերում են տեղադրված, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Անհրաժեշտ է մեր քաղաքացիներին լիակատար տեղեկություն տալ և համագործակցել նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես հարցեր են բարձրացնում»։ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանապետը վարչապետին հավաստիացրել է, որ նշված խնդիրների վերաբերյալ արտոնագրման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն իրազեկվել են։ Երեկ նորից հանձնարարություն է տրվել, շուտով հանդիպում կկազմակերպվի և վերստին կպարզաբանվի այդ հարցը։
.
Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է համարել հեռուստահաղորդում կազմակերպել և վարորդներին բացատրել, թե ինչպես են այդ սարքերն աշխատում, որտեղ են տեղադրվում։ «Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն այդ ամենին», – ասել է վարչապետը։ Տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
.
Տեղեկացնենք, որ օրերս «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտնել էր, որ Երևանում տեղադրված արագաչափերի անճշտության մեծությունը կազմում է պլյուս-մինուս 3կմ/ժամ:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net