Տուգանքում միայն ՎԻՎ օրենսգրքի հոդվածի նշումը բավարար չէ, որ անձը համարվի իրավախախտում կատարած. Վարչական դատարան

Քաղաքացի  Սևադա Գյուրջյանը 10.08.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝ խնդրելով անվավեր ճանաչել ՃՈ-ի տուգանքի որոշումը: Հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է դատաքննության:

Գործը քննել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը:

Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, ՀՀ ՃՈ-ի կողմից ենթարկվել է վարչական տուգանքի 5.000 ՀՀ դրամի չափով՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի։

Գտնել է, որ իր նկատմամբ կայացված որոշումն անօրինական է, չի բխում գործող օրենսդրության պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ՝ իրեն հասցեագրված որոշման մեջ հստակ չի երևում այն հանգամանքը, թեիր կողմից ՀՀ Կառավարության 2007թ.-ի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված ճանապարհային որ նշանի պահանջը չի կատարվել և չի կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասը: Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել»։

Ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած ապացույցները` դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա է բավարարման:

Ըստ դատարանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում:

Որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, …, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից բխում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վիճարկվող որոշումը բովանդակային առումով պետք է պարունակեր նշումներ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքի և տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի մասով:

Դատարանը փաստել է, որ կայացված վարչական ակտը չի պարունակում անհրաժեշտ և բավարար նշումներ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքի և տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի մասին:

Նախ, դատարանը գտել է, որ պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշում ասելով պետք է հասկանալ այն ակտերի և դրանց համապատասխան նորմերի ամբողջությունը, որոնք կապահովեն իրավախախտման բնորոշումը և դրա համար սահմանված պատասխանատվությունը, այլապես՝ կարելի է ենթադրել, որ վարչական մարմնին օրենքի մակարդակով հնարավորություն է տրվում չհիմնավորված որոշումներ կայացնելու:

Այնինչ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության որոշումը չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների ամբողջական և ամփոփ շարադրանքը, որից հասկանալի կլիներ, թե ինչ արարք է կատարել հայցվորը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վիճարկվող որոշման մեջ հիշատակված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածը, ապա դատարանը գտել է, որ միայն այդ նորմատիվ ակտի նշումը բավարար չէ, որպեսզի համարվի, որ նշված է պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտը և անձը համարվի իրավախախտում կատարած, իսկ արարքն էլ որակվի որպես իրավախախտում:

Ի վերջո դատարանը վճռել է Սևադա Գյուրջյանի հայցն ընդդեմ ՃՈ-ի բավարարել, անվավեր ճանաչել քաղաքացու նկատմամբ կիրառված տուգանքը: Պատասխանողից՝ ՃՈ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել