Հաճախ հանցագործությունները կատարվում են ոչ թե մեկ անձի կողմից, այլ կազմակերպված հանցավոր խմբավորման կամ նման խմբավորումների ընկերակցության կողմից:
Դա պատահական չէ: Նման հանցավոր խմբավորումների կողմից կատարվող հանցագործությունները միշտ աչքի են ընկնում իրենց ծանրությամբ, ուստի դրանք կազմակերպելն ու իրականացնելը մեկ կամ երկու մարդու կողմից գործնականում հնարավոր չէ:
«Ի դեպ, հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված նաև այն դեպքում, երբ այն կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` կազմակերպված հանցավորության տեսակ է մաֆիան: Մաֆիոզ խմբավորումները տարբեր երկրներում տարբեր անվանումներ են ունենում և տարբերվում են իրենց կառուցվածքով ու գործունեությամբ:
Մաֆիային` որպես կազմակերպված հանցավորության տեսակի հատուկ են հետևյալ հատկանիշները`
_ գործունեության քողարկվածությունը,
_ որոշակի չգրված օրենքների առկայությունը, որոնցից ամենակարևորն է լռության երդումը,
_ հետախուզության և հակահետախուզության առկայությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net