Մարդկային վարքագծի մղիչ ուժը դրդապատճառն է:
Որոշ հոգեբաններ դրդապատճառ են համարում նպատակը: Նպատակն այն է, ինչի ձգտում են, կամ այն, ինչը պետք է իրականացնել: Այսպիսով, նպատակ կարող են հանդիսանալ ինչպես առարկան, օբյեկտը, այնպես էլ արարքը, գործունեությունը: Այստեղից էլ որոշ հոգեբաններ գտնում են, որ ակտիվության մղող ուժին ուղղություն է տալիս հենց այն օբյեկտը (առարկան), որը կարող է բավարարել պահանջմունքը: Ուստի, պահանջմունքի բավարարման համար հարմար օբյեկտի (առարկայի) նշանակությունն էլ անձին մղում է նպատակաուղղված, կոնկրետ վարքագծի:
Ինչպես արդեն նշեցինք, իրոք պահանջմունքը նպատակաուղղված վարքագծի չի մղում, այն միայն չկազմակերպված ակտիվություն է առաջացնում, բայց կոնկրետ առարկան կամ օբյեկտը, որը պետք է բավարարի տվյալ պահանջմունքը, նույնպես չի կարող դրդապատճառ համարվել: Նախ, միևնույն նպատակը կարող է տարբեր պահանջմունքներ բավարարել, ոստի, եթե նպատակը համարենք դրդապատճառ, ապա չենք կարող պատասխանել այն հարցին, թե ինչու է անձը կատարում հենց այդ արարքը: Երկրորդ, դրդապատճառը բնութագրվում է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են ուժն ու կայունությունը: Դժվար թե այս հատկությունները բնութագրական են նպատակին (օբյեկտին, առարկային): Նպատակը (օբյեկտը, առարկան) կարող են գայթակղիչ լինել, բայց ոչ կայուն և ուժեղ:
Հոգեբանների մի մեծ խումբ դրդապատճառը համարում է մղիչ ուժ, ոմանք` որպես մտադրություն, շատերը դրդապատճառը համարում են որպես վիճակ:
Դրդապատճառի վերաբերյալ վերը նշված կարծիքները բոլորն էլ ճիշտ են, ուղղակի դրանք արտացոլում են դրդապատճառի միայն մի կողմը: Այս է պատճառը, որ որոշ հոգեբաններ գտնում են, թե դրդապատճառը պետք է դիտել իբրև բարդ, համակարգային երևույթ, որն արտացոլում է վերը նշված բոլոր կողմերը: Ընդ որում, դրդապատճառը բաղկացած է մի քանի բլոկներից`պահանջմունքային, ներքին զտման և նպատակային:
Պահանջմունքային բլոկի մեջ է մտնում պահանջմունքը իր բոլոր դրսևորումներով` կենսաբանական պահանջմունքներ, սոցիալական պահանջմունքներ, պարտքի զգացում (պարտականություն): Ներքին զտման բլոկի մեջ են մտնում նախապատվությունները (հետաքրքրություններ, հակումներ), բարոյական վերահսկողությունը, սեփական հնարավորությունների գնահատումը, տվյալ պահին սեփական վիճակի գնահատումը, նպատակին հասնելու պայմանների հաշվառումը, արարքի հետևանքների կանխատեսումը: Նպատակային բլոկի մեջ են մտնում պահանջմունքային նպատակը, արարքը, պահանջմունքի բավարարման գործընթացը: Փաստորեն, նշված բոլոր բլոկները և դրանց առանձին տարրերը հանդիսանում են արարքի դրդապատճառ (պատճառ): Ընդ որում, մարդու վարքագիծը ճիշտ հասկանալու և գնահատելու համար պետք է ուշադրություն դարձնել բոլոր բլոկներին ու տարրերին, հակառակ դեպքում հնարավոր են սխալներ:
Քանի որ դրդապատճառը բարդ, համակարգային երևույթ է, բաղկացած մի քանի բլոկներից, ապա կարելի է խոսել նաև դրդապատճառի ձևավորման փուլերի մասին: Այդ փուլերը հետևյալն են`1.ներքին խթան (պահանջմունք), 2.խթանի ընդունում (ներքին լարվածություն, հոգեկան որոշակի վիճակ, զգացողություն, ծագած զգացողությունից ազատվելու ցանկություն, վերացական նպատակի ձևավորում), 3. ներքին ընտրողական ակտիվություն (պահանջմունքի բավարարման առարկայի գիտակցում, նպատակին հասնելու պայմանների հաշվառում, հակումներ, հետաքրքրություններ, բարոյական վերահսկողություն(իդեալներ, համոզմունքներ, արժեքներ, դիրքորոշումներ), սեփական հնարավորությունների հաշվառում)), 4.կոնկրետ նպատակի ընտրություն և մտադրության ձևավորում (պահանջմունքի բավարարման առարկայի ընտրություն, արարքի արդյունքների կանխատեսում, նպատակներին հասնելու միջոցների ընտրություն, մտադրության ծագում, նպատակին հասնելու մղում), 5. Արարք:
Փաստորեն, դրդապատճառը դիտարկվում է որպես նշված բոլոր հոգեկան գործընթացների արդյունք: Այդ դեպքում դրդապատճառի ձևավորման հոգեկան գործընթացն էլ հանդիսանում է մոտիվացիա: Այս տեսանկյունից ճիշտ կլինի դրդապատճառը համարել ոչ թե մոտիվացիայի միջուկ, հիմնական տարր, այլ մոտիվացիայի արդյունք: Նկարագրված հոգեկան գործընթացի (մոտիվացիայի) արդյունքում ձևավորվում է արարքի (վարքագծի) դրդապատճառը, որը փաստորեն բարդ մի երևույթ է և իր մեջ ներառում է թե’ արդիականացված պահանջմունք, թե’ նպատակ, թե’ նպատակին հասնելու միջոցների ընտրություն, թե’ անձնային հատկություններ, թե’ մտադրություն ու մղում:
Շարունակելի….
Աղբյուրը` Իրավաբան.net