ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Այժմ պատկերացնենք մի իրավիճակ, երբ ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված և նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը:
Ինչ է ստացվում. իրականում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը գրանցվում է ամուսիններից միայն մեկի անվամբ:
«Նման գրանցման գործողության ընթացքում օրենքը նախատեսում է հնարավորություն ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրանցել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` համատեղ դիմումին կից, բացի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենից և պետական տուրքի, պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերից, պետք է ներկայացվի նաև ամուսինների ամուսնության վկայականի իսկական օրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը:
Աղբյուրը` Իրավաբան.net