ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու եւ այն օգտագործելու փաստի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, օգտագործել այն` ներկայացնելով Ախուրյանի նոտարական գրասենյակ:
Արդյունքում` նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0,66 հա հողամասը եւ 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է երկու քաղաքացիների:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net