64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր: Փակ քվեարկությանը մասնակցած 71 պատգամավորներ որոշեցին բավարարել Գլխավոր դատախազի միջնորդությունը: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործում կներգրավվի որպես մեղադրյալ:
Մինչ քվեարկությունը հայտարարելը ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդության նշված պատգամավորը եւ Գլխավոր դատախազը: Վարդան Օսկանյանը չօգտվեց եզրափակիչ ելույթով հանդես գալու իր իրավունքից:
Իսկ գլխավոր դատախազը պնդեց ամփոփիչ ելույթում, որ իրենք քրեական գործ են հարուցել պաշտպանելու «Սիվիլիթաս» հիմնադրամի գույքային շահերը և գումարը «Սիվիլիթաս» հիմադրամին փոխանցած Հասթմանների ընտանիքի բարի համբավը:
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանը հայտնել էր, որ որպես մեղադրյալ հարուցված քրեական գործում ներգրավվելուց հետո նրան չեն կալանավորի կամ ձերբակալի: Վարդան Օսկանյանը կարող է ազատ տեղաշարժվել: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքին տեղյակ կպահեն հանրությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net