Աշոտ Ահարոնյան. ընդամենը խորհուրդ եմ տվել քաղաքացիներին հիշել հետևանքների մասին

Ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի դիրքորոշումը կեղծ ահազանգերի վերաբերյալ: Խոսքը երեկվա իմ գրառման մասին է, որտեղ մտահոգություն էի հայտնել ՏԻՄ ընտրությունների նախօրեին հաճախացած կեղծ ահազանգերի կապակցությամբ և քաղաքացիներին խորհուրդ տվել ձեռնպահ մնալ նման գործելակերպից՝ հիշեցնելով, որ կեղծ կանչերն ու սուտ մատնությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ:

Ի տարբերություն ՀՔԱՎԳ-ի՝ ոչ որակումներ եմ տվել, ոչ դատապարտել, ոչ էլ, առավել ևս խեղաթյուրել եմ իրողությունները, ընդամենը «խորհուրդ եմ տվել» քաղաքացիներին «հիշել», որ չիմացությամբ գործված արարքներն էլ կարող են իրավական հետևանքներ ունենալ:

Եթե ՀՔԱՎԳ-ն «խորհուրդ տալն» ու «հիշեցումը» չի տարբերում «սպառնալիք հնչեցնելուց», ուրեմն գրագիտության բացը լրացնելու խնդիր կա: Եթե ՀՔԱՎԳ –ն չգիտի, որ ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում ակնհայտ կեղծ ահազանգի համար, կարող ենք ցավել նման անգիտության համար, իսկ եթե գիտի ու այս կարգի «դատապարտումներով» թյուրիմացության մեջ է գցում քաղաքացիներին, ապա գործ ունենք միանգամայն այլ իրողության հետ:

Ոստիկանությունը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ ստուգվում են քաղաքացիներից, կազմակերպություններից, ԶԼՄ-ներից ստացված բոլոր ահազանգերը: Եվ դա իրականություն է: Ավելին, երեկվա հաղորդագրության մեջ նշել էի, որ ոստիկանության ձեռնարկած միջոցներով այս օրերին ստացված բոլոր ահազանգերը ստուգվել են: ՀՔԱՎԳ-ն անտեսելով այս փաստը՝ խոսում է «ահազանգերի մի մասին որակում տալու» վերաբերյալ, ինչը «սպառնալիք հնչեցնելուն» համարժեք նենգափոխում է:
Կրկնում եմ, ՀՔԱՎԳ-ի՝ մատից ծծած ենթադրություններն ու կոչերը որևէ կապ չունեն երեկվա իմ հորդորի ու հիշեցման հետ և միայն իրենց հայտնի նպատակներ են հետապնդում: Իսկ իմ նպատակը եղել և մնում է քաղաքացիներին իրավական դաշտում հայտնվելուց զերծ պահելը, ինչ կարող է կատարվել նաև օրենքի չիմացության պատճառով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել