«Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում:
Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:
Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը: Նրա կացարանից առգրավվեց զենք-զինամթերք և այլ իրեղեն ապացույցներ:
Թվում էր` բնապահպան ակտիվիստները պետք է գոհունակություն հայտնեին և աջակցեին իրավապահներին դեպքի բացահայտման գործում: Բայց տարօրինակ կերպով կատարվեց հակառակը…
Պարզվեց` նրանց ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել: Բնապահպաններին, ըստ երևույթին, հետաքրքրում է աղմուկ բարձրացնելու հերթական հնարավորությունը` այս անգամ որսագողի «իրավունքները» պաշտպանելու «եղանակով». Սարգսյանը ներկայացվում է որպես անճար-անտեղյակ մեկը, որը ենթարկվում է ոստիկանական բռնությունների. ոստիկանները փորձում են մեղքը բարդել անմեղ մարդու վրա:
Մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ Նորիկ Սարգսյանը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից է, և փոքրիշատե իրազեկ մարդը պետք է իմանար, որ այդ ծառայությունն իրականացնում են ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները: Նորիկ Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության վարչությունում ծառայում է 2005 թվականից:
Կրկնում ենք` Նորիկ Սարգսյանը ոստիկանության ծառայող է, և որսագողության դեպքը կոծկելու համար ոստիկաններն իրենց ծառայակցին զոհաբերելու պետք չունեն, առավել ևս` դեպքը կոծկելու խնդիր չունեն: Նախաքննություն է ընթանում, որով վերջնականապես կպարզվի Սարգսյանի մեղավորության աստիճանը, իսկ բնապահպանների իրական շահագրգռությունները պարզվում են այսօր իսկ` նախաքննությանը խանգարելով:
Խորհուրդ ենք տալիս, խնդրում ու պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքին, չխանգարել կատարվածի լիարժեք բացահայտմանը, հակառակ դեպքում բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ ձեր խնդիրը բնապահպանությունը չէ, այլ անհիմն ու անհարկի լարվածություն ստեղծելը` միայն ձեզ հայտնի նպատակներով»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը: