Իրականում հնարավոր է ստիպել հարցաքննվող անձին պատմել ճշմարտությունը՝ առանց որևէ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու: Անհրաժեշտ է հուշել անձի ենթագիտակցությանը՝ պատմել ճշմարտությունը: Ինչպես…
«Նախ անհրաժեշտ է նստել ավելի բարձր աթոռին քան հարցաքննվող անձը: Կարելի է անգամ կանգնել: Քննիչի՝ առավել բարձր դիրքում գտնվելը ենթագիտակցորեն ազդակ է ուղարկում հարցաքննվողին, որ քննիչն ամեն ինչ տեսնում է:
Քննիչը պետք է լինի բաց կեցվածքով՝ չխաչի ձեռքերը կամ ոտքերը, որպեսզի հարցաքննվող անձը հասկանա, որ ամեն խոսքը հասնում է քննիչին», – այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ սուտը կանխարգելելու գործում մեծ է նաև անձնական տարածություն ներխուժելու տակտիկան: Որպես կանոն, այն թույլատրելի է բժիշկներին, վարսահարդարներին, ոճաբաններին, սակայն այս տակտիկան քննիչներին կարող է հաղորդել կարևորագույն ինֆորմացիա: Ընդ որում, պարտադիր չէ, որ ամբողջ հարցաքննության ժամանակ քննիչը լինի մոտիկ կանգնած. նա կարող է մոտենալ միայն կարևոր հարցի ժամանակ:
Ի դեպ նշենք, որ անձնական տարածության չափը տարբեր երկրներում տարբեր է:
Անձնական տարածության չափերը շատ բանով կախված են այն բնակավայրի բնակչության խտությունից, որում մարդն ապրում է: Նոսր բնակեցված գյուղական վայրերում ապրող մարդիկ սովորաբար ավելի մեծ անձնական տարածություն են պահպանում: Եթե մենք մտաբերենք մեր կյանքում հանդիպած գյուղացու, ապա կհիշենք ինչպես է նա ձեռքով բարևում՝ պահպանելով մեկ մետր տարածություն: Այն պայմանավորված է նրանով, որ գյուղում քիչ է բնակչությունը և մարդիկ սովոր են միմյանցից հեռու գտնվել:
Արևմուտքի երկրների, Հյուսիսային Եվրոպայի և Սկանդինավյան քաղաքաների բնակիչների մեծամասնության համար ընդունելի հեռավորությունը զրուցակիցների միջև մոտավորապես 46 սմ է: Անձնական տարածության հեռավորության չափերը նույնպես քննիչը պետք է հաշվի առնի այս տակտիկան կիրառելիս:
Հաջորդ քայլը՝ քննիչի կողմից կրկնելն է հարցաքննվողի կեցվածքը և ժեստերը: Այդպիսով քննիչը վստահություն է ձեռք բերում հարցաքննվողի կողմից, ինչի հետևանքով շատ դժվար կլինի ստելը:
Շատ կարևոր է, որ քննիչը հուզականության առումով լինի չեզոք, չմեղադրի ինչ-որ հարցում, քանի որ մարդիկ հաճախ ստում են այն բանի համար, որ դիմացինի մոտ չառաջանան բացասական հույզեր:
Եվս մեկ հնարք՝ քննիչը կարող է երբեմն ձևացնել, որ լավ չլսեց ասվածը. այն հնարավորություն է տալիս ստողին ուղղվել և ասել ճշմարտությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net