Ապոստիլ…

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի համաձայն, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի, դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա:
Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:
Ապոստիլ դրվում է նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի պատճենների, ինչպես նաև վավերացված թարգմանությունների վրա:
Այս դեպքում ապոստիլով հաստատվում է համապատասխան նոտարի ստորագրության և նրա կնիքի իսկությունը:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել