«Միջազգային իրավունքը հանդիսանում է միջազգային շփման լեզուն»,-այսպես է որակվել նշված իրավունքի դերն ու նշանակությունը միջազգային իրավունքի առաջին Համաշխարհային համաժողովում, որը տեղի է ունեցել Նյու-Յորք քաղաքում 1995թվականին:
Միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տվել, որ պետությունները չեն կարող գոյատևել և շփվել միմյանց հետ առանց որևէ կանոնների` ղեկավարվելով այդ պահին իրենցից յուրաքանչյուրի համար արդիական հանդիսացող շահերով:
Իսկ ինչպե˚ս են հարաբերակցում միջազգային և ներպետական օրենսդրությունների նորմերը:
«Միջազգային իրավունքի ձևավորման հարցում մեծ դերակատարություն ունեն առանձին պետությունների ներպետական օրենսդրությունները, քանզի դրանց հիման վրա են մշակվում արդեն միջազգային մակարդակով պարտադիր համարվող նորմերը»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Միջազգային իրավունքն էլ, իր հերթին, մեծապես ազդում է ներպետական օրենսդրությունների վրա: Այդպիսի ազդեցության օրինակն է հանդիսանում մարդու հիմնական իրավունքների ապահովումը:
Այս առումով կարևոր նորմ է պարունակում նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի` միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
Աղբյուրը` Իրավաբան.net