Այսօր Ազգային ժողովում քննարկվեց պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը: Դատախազության նպատակը` նրան ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելն է:
«Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահՎարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահվածառանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդմիջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Վարդան Օսկանյանն իր ելույթի ժամանակ տեղեկացրեց, որ Սիվիլիթաս հիմնադրամը երկու եղանակով է գումար ստացել Հասթման ինթերնեշնլ ՍՊԸ-ից` անմիջապեսուղղված հիմնադրամի հաշվեհամարին և իր: Կազմակերպությունը տեղյակ է եղել այդ մասին և որևէ խնդիր չի տեսել դրանում:
«Մենք կարծես վերադարձել ենք 1937 թվական և գործում ենք ստալինյան սկզբունքով` մարդ լինի հոդված կգտնեք: Այս պարագայում գտել են մարդ, հոդված, բայց չեն գտել փաստ»,-նկատեց Վարդան Օսկանյանը:
Պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մտքերի փոխանակման ժամանակ մտավախություն հայտնեց` հնարավոր է, որ մյուս անգամ գլխավոր դատախազն ի˚ր հետևից գա Ազգային ժողով. hասարակական շատ կազմակերպություններ խնդրել են Վահան Հովհաննիսյանին կոորդինացնել Սիրիա ուղարկվող օգնությունը, որը դեռ ուղարկված չէ և գումարն իր հաշվեհամարում է:
Իսկ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` եթե Հրանտ Մաթևոսյանը ողջ լիներ, ապա դատի կտար դատախազությանն իր «Մենք ենք մեր սարեր»-ի սցենարը կրկնելու համար:
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության համար պատգամավորները կքվեարկեն վաղը:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net