Սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության ապօրինի դեպքը բացահայտվել է: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին հանցագործությունը բացահայտվեց:
Որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
Նա սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև բեզոարյան այծը:
Նորիկ Սարգսյանը խոստովանել է, որ շուրջ մեկ տարի է Խոսրովի արգելոցում զբաղվում է որսն արգելված կենդանիների որսորդությամբ և միսը վաճառելով:
Նորիկ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն:
Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը:
Քննությունը շարունակվում է: