Պահանջմունքը դրդապատճառ է դառնում միայն առարկայանալուց հետո

Ինչպես արդեն նշել ենք, դրդապատճառը վարքագծի մղիչ ուժն է: Այն մարդու վարքագծի իմաստն է, հիմնավորումը: Բայց ինչ է իրենից ներկայացնում դրդապատճառը: Հոգեբանների մոտ այս հարցի շուրջ միասնական կարծիք գոյություն չունի:
Հարկ է նշել, որ հոգեբանության մեջ դրդապատճառի հասկացությունը տրվում է մոնիստական դիրքերից: Այսինքն, դրդապատճառ է համարվում ինչ-որ մեկ կոնկրետ հոգեկան երևույթ: Հոգեբանների մի մասը դրդապատճառ են համարում պահանջմունքները, մյուսները` նպատակը, երրորդները դրդապատճառը համարում են մտադրություն և այլն: Վերջին ժամանակներս որոշ հոգեբաններ քննադատության են ենթարկում դրդապատճառի բացատրության մոնիստական մոտեցումը և գտնում են, որ դրդապատճառը չի կարելի հանգեցնել մեկ հոգեկան երևույթի, դրդապատճառը բարդ, ընդհանրական հոգեկան երևույթ է, որի մեջ արտացոլվում են և պահանջմունքները, և նպատակը, և այլ հոգեկան երևույթներ:

Դրդապատճառը որպես պահանջմունք
Շատ հոգեբաններ պահանջմունքը համարում են արարքի կատարմանը մղող ուժ: Եթե այդպես է, ուրեմն հենց արդիականացված պահանջմունքն է հանդիսանում վարքագծի դրդապատճառ: Եվ իրոք, պահանջմունքը մեծ չափով բացատրում է այն, թե ինչու է մարդը ակտիվություն դրսևորում: Բայց մի բան է ակտիվության մղել, մեկ այլ բան` մղել կոնկրետ վարքագծի, կոնկրետ արարքի կատարման: Պահանջմունքի ծագումը, պահանջմունքային վիճակի առաջացումը չի կարող բացատրել ակտիվության նպատակաուղղվածությունը, պահանջմունքի բավարարման այս կամ այն եղանակի ընտրությունը: Եթե նույնիսկ պահանջմունքը ակտիվության մղող ֆունկցիա է կատարում, միևնույն է այն չի կարող պատասխանել հետևյալ հարցերին` ինչու˚ է ընտրվում պահանջմունքի բավարարման հենց այդ օբյեկտը և ոչ թե մեկ ուրիշը, ինչու˚ է պահանջմունքը բավարարվում հենց այդ և ոչ թե այլ եղանակով: Չէ˚ որ միևնույն պահանջմունքը կարող է բավարարվել տարբեր եղանակներով ու միջոցներով:
Դրդապատճառի նույնացումը պահանջմունքի հետ հանգեցնում է մի շարք սխալների: Մասնավորապես, փոխանակ խոսվի պահանջմունքի բավարարման մասին, խոսվում է դրդապատճառի բավարարման մասին, փոխանակ խոսվի բնածին և ձեռք բերովի պահանջմունքների մասին, խոսվում է դրդապատճառների մասին:
Այնուամենայնիվ, անջատել պահանջմունքը դրդապատճառից հնարավոր չէ: Պահանջմունքը դրդապատճառի մի մասն է: Պահանջմունքն է սկիզբ դնում դրդապատճառի ձևավորմանը: Ինչպես արդեն նշել ենք, մարդկային յուրաքանչյուր արարք վերջին հաշվով նպատակաուղղված է որոշակի պահանջմունքի բավարարմանը: Այլ հարց է, որ պահանջմունքի և դրդապատճառի միջև կարող են գոյություն ունենալ միջնորդավորված հարաբերություններ:
Բանն այն է, որ պահանջմունքը դրդապատճառ է դառնում միայն առարկայանալուց հետո, այսինքն, բավարարման համար հարմար առարկա գտնելուց հետո:
Շարունակելի…..
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել