Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝
1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:
Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում, լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Աղբյուրը` Իրավաբան.net