Նախագահ. Մեր բնակչությունը անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

.
Խորհրդակցության մասնակիցներին Նախագահն առաջարկել է հանգամանորեն խոսել առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին: «Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է: Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից:

.
Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում:

.
Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ, և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և, ընդհանրապես, դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին ս.թ. սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները՝ այդ թվում մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումները:

.
Ներկայացված փաստերը, առկա խնդիրների պատճառների վերլուծությունը լսելուց և դրանք խորհրդակցության մասնակիցների հետ հանգամանորեն քննարկելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը: Տեղեկացնում է Նախագահի պաշտոնական կայքը:

.
Խորհրդակցության ավարտին Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման:

.
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել