Այսօր Հայ օգնության միության նախաձեռնությամբ (ՀՕՄ) տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում, Սփյուռքի դերը համակարգի ձևավորման գործընթացում» խորհրդաժողովը։
Նպատակն էր Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման, երեխայի զարգացման վրա հաստատությունների ազդեցության, Հայաստանում այլընտրանքային ծառայությունների ձևավորման գործընթացի, ինչպես նաև երեխայի պաշտպանության դաշտում պետական քաղաքականության ու արդի մարտահրավերների արծարծումը և նշյալ խնդիրների լուծման եղանակների առաջադրումը: Այս մասին հայտնում են ՀՕՄ-ի Երեւանի գրասենյակից:
«Հպարտութիւն է մեզի, իսկական հպարտութիւն յայտնել, որ անցնող քսան տարիներուն, ՀՕՄ-ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ հովանաւորած է 7428 ծնողազուրկ երեխաներ, 4900 հովանաւորներու միջոցաւ: Ու քսան տարիներու ընթացքին, այս ծրագրի ճամբով, ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներու ճիգով եւ մեր անդամներու եւ համակիրներու մասնակցութեամբ Հայաստան փոխանցուած է 5,346,510 ամերիկեան տոլար»,- ասաց ՀՕՄ-ի Կենտրոնկան Վարչության անդամ Լիզա Ավագյանը
Խորհրդաժողովի ժամական ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամ Լիզ Ավագյանը։ Մասնակիցների շարքում էին ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՄ-ի տարբեր երկրների միավորների ներկայացուցիչներ, որոնք իրենց երկրներում դրամահավաքներ են նախաձեռնում՝ հասույթը տրամադրելով Հայաստանում երեխայի պաշտպանության դաշտում առկա խնդիրների լուծմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսի խոսքով` այսօրվա հրամայականն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել սոցիալապես խոցելի ընտանիքներին հաստատություններում երեխաների տեղավորումը կանխելու համար, ստեղծել ընտանիքի վրա հիմնված այլընտրանքային մոդելներ, որոնք կապահովեն, որպեսզի հաստատությունում տեղավորված երեխան ստանա ընտանիքի ջերմությունն ու սերը:
«Սփյուռքը կարող է նշանակալից դեր խաղալ այս հարցում. կատարել ներդրումներ անապահով ընտանիքներին աջակցող ծառայություններում, աջակցել ընտանիքի վրա հիմնված այլընտրանքային խնամքի ծառայությունների ստեղծմանը և նպաստել մանկատների վերակազմակերպմանը ռեսուրսային կամ ցերեկային կենտրոնների»,- նշեց Հենրիեթ Արենսը:
Խորհրդաժողովի ժամանակ «Սեյվ դը չիլդրեն Հայաստան» կազմակերպության Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանի կարծիք հայտնեց, որ բռնությունների կանխարգելումը դժվարացնում է նաև համընդհանուր հաղորդման/ուղղորդման ընթացակարգերի բացակայությունը: Բռնությունների կանխարգելման գործում մեծ դեր ունեն միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները` ՀՀ Ոստիկանության, մարզպետարանների համապատասխան բաժինների և երեխաներին ծառայություն մատուցող ամենատարբեր հաստատությունների հետ համագործակցությամբ:
Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի խոսքով` հարկ է հնարավորինս շուտ գործադրել բոլոր ջանքերը` ճգնաժամը վաղ հայտնաբերելու և ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի երեխաները մնան ընտանիքներում։ Նույն մոտեցումն է պահանջում այլընտրանքային ընտանիքահեն խնամքի ծառայությունների զարգացման հացը այն երեխաների համար, որոնք չեն կարող մնալ ծնողների հետ: Կանխարգելիչ և այլընտրանքային խնամքը տնտեսապես ավելի արդյունավետ է, քան ինստիտուցիոնալիզացիան։ Այլընտրանքային համակարգի կայացման փուլում անհրաժեշտ է բարելավել խնամքի որակը բոլոր հնարավոր վայրերում, ներառյալ հաստատություններում, ինչը նույնպես հետաձգելիք աշխատանք չէ։
«Այսօր պետությունը գերակա շահ է համարում այլընտրանքային ծառայությունների (որդեգրում, խնամատար ընտանիքի ինստիտուտ, ցերեկային խնամքի կենտրոններ) կայացման գործընթացը: Ինտեգրված սոցիալական ծառայությունները կնպաստեն այդ գործընթացի արդյունավետությանն ու հնարավորինս կարճ ժամկետներում լիակատար ձեւավորմանը: Այս խնդրում կարեւորում ենք բոլոր պատկան օղակների, այդ թվում Սփյուռքի դերակատարությունը»,- հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Աղբյուրը` Իրավաբան. net