Գնորդը, եթե գնել է թերություններով ապրանք, իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել:
Ի˚նչ ժամկետում գնորդը կարող է նշված պահանջը ներկայացնել:
Գնորդը պահանջի իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ այդ թերությունները հայտնաբերված լինեն օրենքով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով:
Իսկ որո˚նք են այդ ժամկետները:
Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:
«Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիցիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` ապրանքի նկատմամբ, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, գնորդն իրավունք ունի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:
Այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, իսկ գնորդը թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն ապրանքը գնորդին հանձնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև ապրանքն իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
Աղբյուրը` Իրավաբան.net