Սովորենք տեսնել ավելի խորը,
գնահատենք իրական արժեքները…
Աննա Արծրունի
Իրական արժեքների կարևորագույն պաշտպանության միջոցների հետ անխզելորեն կապված է կատարողների իրավունքների ամրագրումն ու պահպանումը:
Մեծագույն կատարողները, կրելով հասարակության համակրանքը, միշտ էլ ունեցել են իրենց ուրույն տեղը հանդիսատեսի սրտերում և հոգում:
Կատարողների իրավունքներն իրենց ուրույն տեղն են գտել ՀՀ օրենսդրության մեջ: Համաձայն վերջինիս` կատարողներ են համարվում դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները, դիրիժորները, խմբավարները և այլ անձինք, ովքեր դեր են կատարում, երգում են, արտասանում, կարդում, նվագում կամ այլ ձևով կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային և համանման այլ ներկայացումներ, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:
Կատարողն իր կատարման նկատմամբ ունի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներ:
Կատարողին են պատկանում իր կատարման նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
ա) կատարող ճանաչվելու իրավունքը.
բ) կատարումը հնարավոր աղավաղումներից, կատարողի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը:
Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ:
Աղբյուրը` Իրավաբան.net