Արդեն խոսել ենք այն մասին, որ որոշակի դեպքերում ամուսնությունը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել:
Պետք է իմանալ նաև, որ դատարանը կարող է ամուսնությունը վավերական ճանաչել, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են դրա կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները:
Բացի այդ, կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում դատարանը կարող է մերժել ամուսնացող անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը:
Օրենքը նախատեսում է նաև, որ դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչև դատարանի կողմից գործի քննությունը, փաստորեն, ընտանիք են կազմել:
Ամուսնության դադարումից հետո ամուսնությունը չի կարող անվավեր ճանաչվել, բացառությամբ ամուսինների միջև օրենքով արգելված ազգակցական կապի առկայության կամ ամուսնության պետական գրանցման պահին ամուսիններից մեկի կողմից այլ չլուծված ամուսնության մեջ գտնվելու դեպքերի:
Աղբյուրը` Իրավաբան.net