Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ արդարացրել է պետական դավաճանության գործով անցնող ամբաստանյալներից մեկին՝ Սերգեյ Պապոյանին:
Ամբաստանյալի իրավունքների պաշտպան փաստաբան Սուրեն Մնացականյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ իր պաշտպանյալն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ռաֆիկ Պապոյանին և Կարինե Ղումաշյանին, որոնք համապատասխանաբար դատապարտվեցին 14 և 12 տարի ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆիկ Պապոյանը բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Կարինե Ղումաշյանը, նույնպես բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Արդարացված Սերգեյ Պապոյանը Ռաֆիկ Պապոյանի որդին է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net