Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի և Դիանա Գորոյանի գործով դատավարությունը: Գործքը քննվում է դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Կողմերը բացարկի միջնորդություն չունեին դատական կազմի, մեղադրող դատախազի, ինչպեսև գործով ներգրավված փաստաբանների դեմ:
Այսօրվա դատական նիստին ճշտվեցին ամբաստնյալների ինքնությունը: Ամբաստանյալ Ռաֆայել Պապոյանը ամուսնալուծված է, ունի երկու զավակ, թոռնիկ: Կրթությունը՝ միջնակարգ է: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանովորումը:
Մյուս ամբաստնյալ Սերգեյ Պապոյանը նրա որդին է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա՝ 3 տարեկան և 4 ամսական: Կրթությունը՝ միջնակարգ է, այս պահին աշխատում է հացի փռում՝ խմոր հարող: 2008-2010 թվականներին ծառայել է ԼՂՀ զորամասերից մեկում:
Կարինե Ղումաշյանը նույնպես ամուսնալուծված է, ուի 10 տարեկան որդի, կրթությունը՝ միջնակարգ-մանասգիտական, դպրոցն ավարտելուց հետո թատերական ստուդիայում է սովորել:
Ամենաերիտասարդ ամբաստնյալը Դիանան 18 տարեկան է, չի աշխատում, չի սովորում:
Բոլոր ամբաստնյալներն իրենց մեղսագրված արարքները չեն ընդունում և դատարանում էլ հայտնեցին, որ մեղավոր չեն:
Այսօրվա դատական նիստում նաև որոշվեց ապացույցների հետազոտման կարգը՝ նախ կհարցաքննվեն վկաները, այնուհետև կհետազոտվեն փաստաթղթերը և միայն վերջում ցուցմունք կտան ամբաստնյալները:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 10-ին:
Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Ռաֆիկ Պապոյանը բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզականմ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օօդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին: