Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Դատարան կներկայացվի միջնորդություն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Այսօր ձերբակալվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և նույն ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: 2012 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 29 անձանց:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
28.09.12թ. դրությամբ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ՝ տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net