Այսօր տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այդ օրվան նվիրված Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն 10-րդ անգամ կազմակերպում է «Ոսկե բանալին և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ժանգոտ կողպեք» ոչ մի պետական մարմնի չշնորհվեց: «Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերի կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին»,- ժանգոտ կողպեքի հավակնորդներ չունենալու առիթով ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Ողջույնի խոսքի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առավել կարևորեց այն հանգամանքը, որ այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է հասարակական կազմակերպության կողմից: «Այսօր, որպես կառավարման օղակի ղեկավար, կարող եմ շատ վստահությամբ ասել, որ մեր Կառավարությունն աշխատում է շատ թափանցիկ, շատ բաց, շատ ազատ »,- տեղեկացրեց Հասմիկ Պողոսյանը:
Իսկ ԱՄՆ ՄԶԳ առաքելության Հայաստանյան ղեկավարն իր խոսքում նշեց, որ Հայաստանին այսօր ինֆորմացիայի ազատության կատարողականության առումով կարելի է աստղ համարել: Նրա խոսքով՝ 2003 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից հետո մինչ օրս բավականին առաջընթաց է նկատվել:
Մրցանակներ ստացան հետևյալ անձինք և պետական մարմինները՝
ՀՀ առողջապահության նախարարությունը՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական մարմին: Սակայն առողջապահության նախարարության «Ոսկե բանալին» մրցանակաբաշխության ժամանակ կոտրվեց:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.mta.gov.am-ին որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Սակայն մրցանակաբաշխության ժամանակ «Ոսկե բանալին» կոտրվեց:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն:
Աննա Իսրայելյանը՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող:
CivilNet ինտերնետային հեռուստատեսությունը՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:
Այս տարի ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Գործողությունների պլանի մշակման և ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Աղբյուրը՝ Իրավաբան. net