Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են տեխնիկական, տնտեսական, կազմակերպական և այլ կարգի միջոցառումներ իրականացնել արտանետման թույլտվություններում նախատեսված պայմանների և պահանջների կատարումն ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, ապահովել բնապահպան կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները` ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը չպետք է հանգեցնի բնության մյուս ոլորտների աղտոտմանը:
Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:
Աղբյուրը` Իրավաբան.net