Ինչպես գիտենք, օղին, գինին, կոնյակը և օրենքով նախատեսված այլ ապրանքները ենթակա են պարտադիր ակցիզավորման:
Այս առումով հարկ է իմանալ, որ սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները և հսկիչ նշանները (դրոշմապիտակները) օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչև հինգ հարյուր հատ է պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) քանակը հինգ հարյուր հատից ավելի է` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից հինգ հարյուր հազար դրամ, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Վերը նշված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net