Մերուժան Արծրունի, Վասակ Սյունի, Վահան Մամիկոնյան…. Կարծում եմ` արդեն պարզ է, թե նշված հոդվածն ինչին է վերաբերելու:
Պետական դավաճանություն…
Ինչպե՞ս է իրականացվում նշված հանցագործության օբյեկտիվ կողմը:
Պետական դավաճանություն է հանդիսանում ՀՀ քաղաքացու կողմից թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:
Նշված հանցագործությունը, թերևս, ամենավտանգավորներից է, քանզի ուղղված է ոչ թե մեկ կամ երկու անձի դեմ, այլ մի ամբողջ պետության:
ՀՀ քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար նախատեսում է պատիժ` ազատազրկման ձևով՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հանցագործության առավել ծանր հետևանքներից խուսափելու նպատակով օրենքը նախատեսում է, որ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե վերջինս, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Աղբյուրը` Իրավաբան.net