Վարչական դատավարությունում վկայի ցուցմունքի հետազոտությունը

Որպես կանոն, մինչև վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի որևէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու՝ օրենքով սահմանված արգելքների բացակայությունը:
Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ: Դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ վկաները հնարավորինս արագ ազատ արձակվեն: Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են դատավարության մասնակիցները:
Այս մաիսն Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են հարցաքննվել միաժամանակ:Դատարանը նախազգուշացնում է վկային ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
«Միաժամանակ դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը»,- ասում է իրավաբանը:
Դատարանը պարտավոր է վկային հայտնել առանձին հարցերի չպատասխանելու` օրենքով նախատեսված իր իրավունքի մասին: Եթե վկան այդ հիմքով չի ուզում պատասխանել հարցին, ապա նա պետք է հիմնավորի իր դիրքորոշումը: Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը, սակայն նա չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Արա Ղարագյոզյանի խոսքերով` տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման և այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը: Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը: Կողմի միջնորդությամբ դատական քննության կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն հարուցած կողմը, այնուհետև տվյալ կողմում հանդես եկող այլ անձինք (ուղղակի հարցաքննություն), իսկ վերջում` հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն): Եթե խաչաձև հարցաքննության ընթացքում վկան նոր հարց է շոշափում, որը չի շոշափվել ուղղակի հարցաքննության ժամանակ, ապա ուղղակի հարցաքննություն իրականացնողն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ լրացուցիչ հարցեր տալու վկային ուղղակի հարցաքննության կարգով, որին հետևում է խաչաձև հարցաքննությունը: Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաստատելու կամ դրանց արժանահավատությունը կասկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաև նիստերի դահլիճում ներկա գտնվող, դատարանում արդեն իսկ ցուցմունք տված մյուս վկաները՝ նրանց կամ դատավարության մասնակիցներից որևէ մեկի միջնորդությամբ: Այդ հարցերի առնչությամբ դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ ցուցմունքներ: Հարցաքննված վկան կարող է հեռանալ նիստերի դահլիճից, եթե դատարանը նրան չի պարտավորեցրել չհեռանալ դատարանից:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել