Ընտանիքը, մայրությունն ու մանկությունը գտնվում են պետության հոգածության ներքո:
Այս կարևոր սկզբունքով է, որ պետք է ղեկավարվի յուրաքանչյուր, այդ թվում` մեր պետությունը:
Կինն ունի անվտանգ մայրության, այն է՝ հղիության ընթացքում առողջության պահպանման, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը և նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք:
Կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ պետության երաշխավորած առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Պետք է իմանալ, որ հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջ համաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն:
Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրա անհնարինության դեպքում՝ բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկական միջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնարինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net