Մեր օրերում շատ ենք լսում ինքնասպանների և նման կերպով կյանքին վերջ տալու դեպքերի մասին:
Սա մի խնդիր է, որ պետական սահմաններ, ազգություն և նույնիսկ տարիք չի ճանաչում. ինքնասպանություն գործում են և’ հայերը, և’ եվրոպացիները, և’ ամերիկացիները….
Ի դեպ, ինքնասպանություն կարող է գործել ինչպես տասը տարեկան երեխան, այնպես էլ ծեր տղամարդը կամ կինը:
Ինքնասպանության կարող են մղել տարբեր հանգամանքներ, որոնք հաճախ երրորդ անձի համար նույնիսկ ծիծաղելի կարող են թվալ:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ հաճախ անձինք ինքնասպանություն գործում են այլ անձանց ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ:
«ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է երկու տարբեր հանցակազմեր` ինքնասպանության հասցնելու(հոդված 110)և ինքնասպանության հակելու (հոդված 111) մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իսկ ո՞րն է այդ հոդվածների տարբերությունը:
«Ինքնասպանության հասցնելու դեպքում հանցագործն անձին ենթարկում է դաժան վերաբերմունքի, նվաստացնում է վերջինիս անձնական արժանապատվությունը, սպառնում է, ինչն էլ անուղղակիորեն կամ անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացնում»,- նշում է իրավաբանը:
Նշված հանցագործության (հանցագործության փորձի) համար նախատեսված է պատիժ` ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Իսկ ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր ունի ինքնասպանության հակելու հանցակազմը:
Գոհար Կոստանյանի խոսքով` ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելն է: Եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ հանցագործը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net