Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ՍԴ-ի համար նախատեսված բյուջետային միջոցներն օգտագործվել են 99,3 տոկոսով: Նախատեսված որեւէ հոդված չի փոփոխվել, իրականացվել են նախատեսված 3 ծրագրերը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` համակարգին հատկացված ամբողջ գումարն օգտագործվել է: Ծրագրերը հիմնականում իրականացվել են: Հրայր Թովմասյանը նկատեց, որ կապված դատաիրավական բարեփոխումների հետ` փոքր-ինչ ավելի գումար է ծախսվել` ի հաշիվ դրամաշնորհների:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ներկայացմանբ` համակարգի պահպանման համար հատկացվել է 4 մլն 638 հազ. դրամ, ծրագրերի իրականացման կատարողականը կազմել է 99,9 տոկոս:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հաղորդմամբ` կառույցին հատկացվել է 3 մլրդ 13 մլն դրամ, կատարողականը կազմել է 99, 98 տոկոս: 31 մլն խնայվել է, որը վերադարձվել է պետական բյուջե:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի խոսքով` համակարգին հատկացված 251,5 մլն դրամը հիմնականում օգտագործվել է, տնտեսվել է 4 մլն դրամ:
Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար պարոն Ասլիկյանի` հաշվետու տարում համակարգին հատկացվել է 6,2 մլրդ դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 99,1 տոկոս:
Աղբյուրը` Իրավաբան.net