Սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանը որոշել էր Հայաստաում ծավալել շինարարական բիզնես և ներդնել մեծ գումարներ:
«Նա վերցնում էր գումարներ ընկերներից, ծանոթներից և այդ գումարներով իրականացնում էր շինարարաություն` պայմանով, որ շինարարության ավարտից հետո այդ մարդիկ կստատան իրենց տարածքները: Իսկ ավելացած տարածքները նա պետք է օտարեր և ստանար այն եկամուտները, որն ինքն ակնկալում էր»,- լրագրողներին պատմեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, Էդմոնդ Խուդյանի քրեական գործով ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով` շինարարությունը կատարել է Վլադիսլավ Մանգասարյանը, ով ուներ մի քանի ՍՊԸ-ներ: Պայմանավորվածության համաձայն` տարածքները ներդրողներին հատկացնելուց հետո, մնացած տարածքները պետք է բաժանեին Էդմոնդ Խուդյանի հետ: Սակայն շինարար Վլադիսլավ Մանգասարյանը օտարել է ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի և 33/1 հասցեի 13 հարկանի շենքերի տարածքները, գրպանել է միլիոնավոր դոլարներ, խուսափել է շուրջ $1.000.000 հարկեր վճարելուց և ընկերությանը սնանկացրել է:
2011թ. մայիսի 3-ին կանխամտածված սնանկության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը: Սակայն մինչ օրս քրեական գործով ոչ մի կասկածյալ չկա:
«Մենք այսօր խոսում ենք այն գործի վերաբերյալ, որտեղ իրավաբանությունը կարծես թե սպառվել է, որովհետև գործ ունենք կոռուպցիայի հետ, գործ ունենք տնտեսական հանցագործությունների հովանավորչության հետ և խրախուսման հետ, գործ ունենք խմբերի հետ, որոնք գործում են տարբեր գործերով »,- նշեց Էդմոն Խուդյանի քրեական գործով ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` մեկ տարի է, ինչ քրեական գործ է հարուցվել, սակայն դատախազությունն ընկերության տնօրենին չի հրավիրում ցուցմունք տալու, սա խոսում է նրա մասին, որ այդ «հանցագործությունը խրախուսվում և հովանավորվում է»:
Լեռնիկ Հովհաննիսյանն ասուլիս ժամանակ դիմեց լրագրողներին` ասելով, որ թեպետ մեր երկիրը հռչակել ենք իրավական պետություն, սակայն երբեմն իրենց խոսքը տեղ չի հասնում: Առաջարկեց, որ այս գործը մեկ անգամ էլ լրագրողները բարձրաձայնեն:
Skype-ի միջոցով լրագրողները լսեցին նաև Էդմոնդ Խուդյանին, ով հայտնեց, որի իր անունից կեղծվել են ստորագրություններ, լիազորագրեր: Էդմոն Խուդյանի կողքին նստած լրագրողը, ով ծանոթ էր գործի հանգամանքների, կասկած հայտնեց, որ մեղադրող դատախազը ձև պարագա է:
Աղբյուրը` Իրավաբան.net