Հաճախ անձը ցանկանում է դատարանում հանդես գալ ոչ թե անձամբ, այլ ներկայացուցչի միջոցով:
Դա կարող է պայմանավորված լինել ոչ բավարար իրավական գիտելիքներ ունենալու, դատարանում պատշաճ հանդես գալու ցանկությամբ և այլ հանգամանքներով:
Այս հոդվածում կանդրադառնանք ներկայացուցչությանը վարչական դատարանում:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի խոսքով` կողմն իրավունք ունի վարչական դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
Անգործունակ և սահմանափակ գործունակ քաղաքացու իրավունքները և ազատությունները դատարանում պաշտպանում է նրա օրինական ներկայացուցիչը:
Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացու ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:
Վարչական դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
Սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը:
Որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ` վարչական դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր:
Աղբյուրը`Իրավաբան.net