Սնանկության կառավարիչները պետք է լինեն կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ

Սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում ոչ պակաս, քան 20 որակավորված կառավարիչներ:

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատարանում` ներկայացնելով օրենքով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Նշված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատարանին:

Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի էթիկայի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`
ա) վերահսկելու իր անդամների գործունեությունը` օրենքով սահմանված պահանջներին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով.
բ) ընդունելու կարգեր և կանոններ` իր անդամների որակավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու.
գ) իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու (այդ թվում` դրամական)` օրենքի, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության և կանոնների խախտման համար.
ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել