Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող է կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձի համաձայնությամբ:
Նշված իրավունքները փոխադարձության հիման վրա, տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում:
Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության հիման վրա, անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաև խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող են կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ:
Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող բացվել և վերցվել:
Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը վերը նշված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինները ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Վերոհիշյալ շինություններում խուզարկությունը, առգրավումը և կալանավորումը պարտադիր կատարվում են դատախազի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net