Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այդ օրվան նվիրված տեղի կունենա ամենամյա 10-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվելու են դրական եւ բացասական մրցանակներ` Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք: Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։
2012թ.-ին մրցանակներ շնորհվելու են հետեւյալ անվանակարգերում`
Դրական անվանակարգեր`
Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն,
Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող,
Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:
Բացասական անվանակարգեր`
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն
Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին/գերատեսչություն:
Մրցանակակիրներին որոշում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց եւ ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաեւ կենտրոնի եռամսյակային Սեւ ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները:
Իրավաբան.net-ն առաջարկում է դիտել նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ հարցազրույցն այստեղ:
Աղբյուրը` Իրավաբան.net