Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Հայկական դրամը թողարկվում է (շրջանառության մեջ է դրվում) Կենտրոնական բանկի կողմից թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի), իսկ լուման` մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) ձևով:
Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:
Աղբյուրը` Իրավաբան.net