Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:
Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշում կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:
Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները:
Եթե դատապարտյալը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով, կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
Դատարանը սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված հարցմանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշումն ի կատար ածելու ներկայացման` նշված դրույթների կատարումը։
Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաև ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Աղբյուրը` Իրավաբան.net