ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց և նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ: Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությանը:
Հանձնաժողովը քննարկեց նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ևս ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս այն անվանեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում: Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից եւ հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը: Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց փաթեթը նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշեց անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ:
Նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ նաև «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կրթության պետական տեսչությանը կրթության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալ ոչ միայն հանրակրթական և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլև միջին և բարձրագույն մասնագիտական ոլորտներում:
Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց նաև «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությանը:
Հանձաժողովի անդամներն ի գիտություն ընդունեցին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդումը՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի զեկուզմամբ, և Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը՝ տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը հաստատեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net