Նրանք առաջինն են շնորհավորել 21-ամյա անկախ Հայաստանին (Տեսանյութ, Ֆոտոալբոմ)

«Հայաստան 21» վանկարկելով՝ սեպտեմբերի 20-ին, գիշերը 23:00-ին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամները 18 հեծանիվներով Հանրապետության հրապարակով ուղևորվեցին դեպի Ազատության հրապարակ։ Կազմակերպիչներին էին միացել իրենց ընտանիքի անդամները, ընկերներն ու օտարերկրյա հյուրերը: Նպատակը՝ միասին նշել անկախության օրը՝ սպասելով մինչ կզարկի 24:00-ն:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ անկախության 20 տարիների ձեռքբերումները քիչ չեն եղել:

«Բայց ամենակարևորը, որ ունենք բավական մեծ թվով մարդիկ (և ակտիվ մարդիկ), ովքեր որ լավ պատկերացնում են, թե որն է մեր ճանապարհը և որտեղ պետք է հասնենք, ինչը շատ հուսադրող է»,- ասում է Ռուբեն Մելիքյանը:

Իր խոսքով՝ ինքը հիշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: Այդ օրվա նկարները ևս նպաստել են, որ  հիշողության մեջ ամբողջանա անկախության օրը: Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝այսօր  մեզ մի քիչ պակասում է անկախացման այն օրվա ոգեւորությունը:

Հեծանվավազքին միացել էր նաև ԱՄՆ Իլինոիս նահանգի ֆինանսական և վարքագծի կանոնակարգման վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Մանուել Ֆլորեսը: Նա Հայաստանում է Կենտրոնական բանկի հրավերով:

 «Ես շատ ուրախ եմ մասնակցել և գտնվել այստեղ, քանի որ Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ ասեմ, որ մենք շատ լավ բարեկամական հարաբերություններ ունենք հայկական համայնքի հետ»,- նշում է Մանուել Ֆլորեսը:

Վերջին անգամ մանկության տարիներին հեծանիվ քշած Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանն այսօր հասկացել է, որ Երևանի փողոցները բնավ հարմարեցված չեն հեծանվորդների համար:

«Հիմա ցանկանում ենք խրախուսել բոլորին, որ հեծանիվ քշեն և պետք է ամեն ինչ անել, որ մեր քաղաքը հարմարեցվի հեծանվորդների համար»,- ասում է Խաչիկ Գևորգյանը:

24:00-ին բացեցին 2 շամպայններ և շնորհավորեցին անկախ Հայաստանին:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել