ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ
Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ:
Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի: Ժողովրդավարությունը, բարեկեցությունը և խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաև համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, և մենք խորապես արժեվորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին:
Ամերիկան նաև մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ և այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաև մեր ժողովուրդների միջև եղած երկարամյա բարեկամական կապերը:
Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարևոր տոնի առթիվ»: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net